Այս տարիների ընթացքում տարբեր «տրամաչափի» պաշտոնյաներ որքան շատ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այնքան մեծ քայլերով ենք մենք գահավիժում կոռուպցիայի «գիրկը»: Հաճախ է նշվում, թե քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճել են, տպավորությունն այնպիսին է, որ իրականում բիզնեսն ու պաշտոնյան էլ պակաս չեն սերտաճում: Ասում են` բարոյականության մասին ամենից շատ գոռում են անբարոյականները:
Մեզանում դրան գումարվում է նաև այլ իրողություն` կոռուպցիայի դեմ ավելի շատ պայքարում են կոռումպացվածները: Հետաքրքիր է` իրենք իրե՞նց են ծաղրի ենթարկում, թե՞ հասարակության պարսավանքին են հերթական անգամ ուզում արժանանալ:
Այս էլ մի քանի օր է` քաղաքական դաշտը նորից խառնվել է իրար: Ինչ է, ինչ է, վարչապետը հայտարարել է կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարի մասին: Այն, որ կոռուպցիայի դեմ են նորից «մենամարտում» դրա մեջ ափիբերան թաթախված չինովնիկները, արդեն սովորական բան է, բայց որ հենց Հովիկ Աբրահամյանն է դրա «հրամանատարը», արդեն լուրջ «մխիթարանք» է: Սա նշանակում է, մենք երեք շաբաթ հետո, ինչպես վկայակոչել էր հակակոռուպցիոն քաղաքականության «առաջամարտիկը», ապրելու ենք այլ Հայաստանում: Բայց մի բան անհասկանալի է. եթե այսքան անկեղծացել է երկրի վարչապետը, ինչո՞ւ խոսքն ավարտին չի հասցրել: Գոնե ասեր, որ երեք շաբաթ հետո պայքարի շրջանակներում ստիպված պետք է իշխանության զգալի հատվածն իր գլխավորությամբ հրաժարական տա: Կարո՞ղ է մոռացել էր, կարող է:
Սակայն Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն մյուս հակակոռուպցիոներիստների, այլ նպատակներով է այսքան ջանադրաբար ոտքի ելել: Այսօր այդ մասին անձամբ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին. «ՈՒնենք 15 միլիոն եվրո հատկացված գումար Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Երբ որ ասում եմ՝ կա, նկատի ունեմ, որ հատկացված է, բաշխված չէ: Ծախսված չէ, որովհետև մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ: Մեզ պետք են կոնկրետ արդյունքներ և եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը չի ծախսվի, չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»:
Հիմա հասկացա՞ք, թե ինչի համար է նորից «անողոք» պայքար հայտարարվել կոռուպցիայի դեմ: ԵՄ-ը «բաց ու անկեղծ» ասում է, վախենամ, թե այդ 15 միլիոնն էլ գրպանեք ու փափուկ նստեք ձեր տեղերում: Մերոնք էլ իրենց «շուստրիությունն» են անում, մենակ թե հերթական գրանտը մեջ-մեջ անեն: Իսկ դուք ի՞նչ էիք կարծում, Հովիկ Աբրահամյանը պայքարում է իր ու մերձավոր շրջապատի դղյակների, բիզնեսների դե՞մ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ